«Հռչակում ենք սուրբ և երանելի Հովհաննես XXIII-ին և Հովհաննես Պողոս II-ին և դասում ենք նրանց սրբերի կարգին ու սահմանում ենք, որ յուրաքանչյուր եկեղեցում նրանց պետք է խոնարհվեն իբրև սրբերի: Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու»,- լատիներեն ասաց Ֆրանցիսկոս պապը՝ սրբերի դասին հավելելով լեհ Կարոլ Վոյտիլային և իտալացի Անջելո Ջուզեպե Ռոնկալիին:
Ապրիլի 27-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կատարեց վաղուց սպասված ու նախապատրաստված, կաթոլիկ աշխարհի համար եզակի արարողություն, որին մասնակցում էին Հռոմի երկու պապեր՝ ինքը և անցած տարի փետրվարին գահից հրաժարված Բենեդիկտ XVI-ը:
Սրբադասման արարողությանը ներկա գտնվելու համար Հռոմ էին ժամանել 122 երկրների պատվիրակություններ, պետության 24 ղեկավարներ ու արքայական ընտանիքների անդամներ, 10 վարչապետներ: Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվել էին միլիոնից ավելի հավատացյալներ, իսկ Հռոմ են ժամանել երկու միլիոն ուխտագնացներ: Նրանք, ովքեր չէին կարողացել մոտենալ Վատիկանին, արարողությունը կարող էին դիտել 19 մեծ էկրանների վրա, որ տեղակայված էին Հռոմում ու Միլանում: Կիրակնօրյա առավոտը Հավերժական քաղաքում մառախլապատ ու ամպոտ էր, բայց երկու նոր սրբերի անունների հայտարարության ժամանակ երկնքում արև հայտնվեց: Սուրբ Պետրոսի հրապարակը ջերմ ծափերով ընդունեց Բենեդիկտ XVI պապի գալուստը: Ապրիլի 16-ին նա դարձավ 87 տարեկան և շատերն էին կարծում, որ կաթոլիկ եկեղեցու նախորդ գահակալը չի կարողանա արարողությանը մասնակցել: Լրատվամիջոցները արարողությունն արդեն անվանել են «Չորս պապերի ծես»: Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ` Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հովհաննես Պողոս Երկրորդ պապը Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու առաջին քահանայապետն էր, որ 2001 թ. քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյա հոբելյանի տոնակատարությունների առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով եղբայրական այցով եղավ Հայաստանում: Նա 2000 թ. Վատիկանում և 2001 թ. Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետի հետ համատեղ կատարած հայտարարություններով պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: